ինչպէս ուղղեցի խօսքի սինթեզատորը հայերէնի համար
eSpeakNG-ը բաց ելակոդով խօսքի սինթեզատոր է։ Այն օգտագործում է ֆորմանտ սինթեզի եղանակը ինչի շնորհիւ սպասարկում է բազմաթիւ լեզուներ համեմատաբար փոքր տեղ զբաղեցնելով։
Ամէն լեզուի համար ծրագրում կայ յատուկ ֆայլ, որտեղ միջազգային հնչիւնական այբուբենով գրուած է խօսքի հնչիւնների ակուստիկ բնութագրերը։
Ինձ համար զարմանալի էր այն, որ ծրագիրը կարողանում էր կարդալ ինչպէս արեւելահայերէն այնպէս էլ արեւմտահայերէն։ Եթե չեմ սխալւում դրանք աւելացրել էր հէնց ծրագրի հեղինակը, օգտուելով վիքիպեդիայից։
Ծրագրով որոշ ժամանակ խաղալուց յետոյ, գտայ մի քանի սխալ՝
- եք, ենք, են, եմ-ը ծրագիրը կարդում էր «ե» հնչիւնով, չնայած որ միշտ պէտք է կարդալ «է»-ով,
- ծրագիրը գիտեր, որ դասական ուղղագրութեամբ, բառավերջում «ա» եւ «ո» տառերից յետոյ գրուող «յ»-ն չի կարդացուում, բայց չգիտեր, որ կան բացառութիւններ՝ հայ, բայ, վայ, Նոյ, խոյ, ճայ, գոյ, բոյ, փայ, թայ, այ, հոբոյ, կովբոյ բառերում։ Ուղղելու համար պարզապէս աւելացրի նշուած բառերի ամբողջական արտասանութիւնը,
- հեղինակը նաեւ նշել էր, որ բառամիջում գրուած «ոյ»-ը միշտ պէտք է կարդալ «ույ», ինչը ճիշտ է միայն դասական ուղղագրութեան համար,
- ես-ը համատեքստից կախուած կարորղ է կարդացուել ինչպէս «ես» այնպէս էլ «էս»։ Դա չկարողացայ ուղղել, զի սինթեզատորը համատեքստին չի նայում։
Նշուած փոփոխութիւնները կարող էք տեսնել ասյտեղ՝ 536f490, ee6d474:
Այս պատմութեան մէջ կար եւս մէկ հետաքրքիր փաստ։ Գուգլի թարգմանիչը կարդում էր հայերէն տեքստը լրիւ նոյն սխալներով։ Ինչից կարելի էր հասկանալ, որ օգտագործել են նոյն ծրագիրը։ Դրանից երեք տարի անց՝ այսօր, փորձեցի ստուգել Գուգլ-թարգմանիչի աշխատանքը, յոյս ունենալով, որ վերցրած կը լինեն ուղղումներս։ Բայց պարզուեց որ ամբողջութեամբ հանել են հայերէն արտասանութիւնը ։//